Պարտավորվում եմ սրբորեն կրել կնքահոր կոչումը․ շարքային Գևորգ Քոսյան
- Քոսյան Գևորգ
- 22 дек. 2017 г.
- 2 мин. чтения


Գիտեինք, որ պետք է Զատկի օրը՝ ապրիլի 16-ին Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում Տ․ Դավիթ քահանա Սահակյանի կողմից Հարության սուրբ Պատարագից հետո թվով 9 զինծառայողներ մկրտվեն, իսկ ես նրանցից երկուսի կնքահայրը պետք է լինեմ։ Բոլորս երկար ու անհամբերությամբ պատրաստվել էինք այդ մկրտությանը․ շուրջ երեք ամիս։ Վերջապես հասել էր այդ բաղձալի, բայց նաև դեռևս անհայտ պահը։ Աստծո շնորհով պետք է լինենք հոգևոր հայր մեր զինակիցների համար, ովքեր պետք է թոթափեին ադամական մեղքն ու որդեգրվեին Քրիստոսին ու ամբողջ կյանքում առաջնորդվեն նրա ընկերակցությամբ։ Սակայն մեզ համար բացահայտվեց ավելի խորը, մեր հոգին ու միտքն ամբողջացնող ու լիարժեք դարձնող մի երկինք։ Հավատացյալները, ովքեր մեզ շրջապատել էին իրենց հայացքների և աղոթքների ջերմությամբ, մեզ համար տեղ էին պահել իրենց շարքերում՝ Եկեղեցու կենտրոնում։ Սկսվեց Սուրբ Պատարագը։ Պատարագին հաղորդվելով և ճաշակելով Քրիստոսի փրկչարար Մարմինն ու արյունը՝ պատրաստվում էի սրբազան Մկրտությանը, իսկ դպրաց դասը՝ երգչախումբը երգում էր․
-Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, զի քաղցր է Տերը, Ալելույա։-

Շուրջ երկու ժամ տևող Սուրբ Պատարագն անցավ աղոթական մեկ ակնթարթում։ Կանգ էր առել կարծես վայրկյանը։ Մենք հայտնվել էինք մի նոր աշխարհում։ Կամաց-կամաց հասկանում էինք, թե դրախտն ինչ է։ Բացահայտվում էր Եկեղեցու դրախտային գաղտնիքները։ Բացվել էր լայնատարած մի աշխարհ, որը մինչ այդ անհայտ էր մեզ։ Պատարագի ավարտին հաջորդեց սիրո ճաշը եկեղեցու բակում, ուր հավատացյալ-հոգևորական և զինվորական դարձան մեկ ընտանիք՝ հյուրսիրվելով օրհնյալ սիրո ճաշից։ Սիրո ճաշից հետո հավատացյալների աղոթքների ուղեկցությամբ սկսվեց Մկրտության Խորհրդակատարությունը։ Քահանան և մեր Գնդերեցը աղոթական և նվիրյալ հոգով յուրաքանչյուր
աղոթքից ու շարականներից հետո մանրամասն բացատրում էին մեզ դրանց իմաստն ու նշանակությունը։ Մկրտվելով և դրոշմվելով՝ մեր հոգևոր որդեգիր սանիկները ստացան նոր Քրիստոնեական և համազգային սուրբերի անուններ։ Սուրբ Մկրտության ավարտին ևս Եեկեղեցու հավատացելոց համայնքն անակնկալ էին պատրաստել զինվորների համար։ Զինվորական հագուստի երանգներով զարդարված հյուրասիրության տորթի վրա ոսկե տառերով գրված էին մկրտվածների անունները։

Իրապես շատ հետաքրքիր է զինվորների մկրտությունը։ Այսօրվա մեր սերունդը լիարժեքօրեն գիտակցում է զինվորների մկրտության իամստն ու կարևորությունը․ մի առանձնահատուկ զգացում է, երբ կնքահայրն ես լինում համածառայակից և զինակից զինվորի, ով անձննվիրաբար և անմնացորդ ծառայում է հայրենիքին՝ պաշտպանելով պետական սահմանն ու սեփական երկիրը, Մայր եկեղեցին։ Բարի և անփորձանք ծառայություն ձե՛զ, սիրելի զինվորներ։ Ես հպարտ եմ, որ այս խորհրդանշական օրը, ստանձնեցի կնքահոր պարտականությունները և պատրավորվում եմ սրբորեն կրել կնքահոր կոչումը։ Իմ կյանքում առաջին մկրտությունն է, որի ժամանակ կնքահայր եմ։ Կնքահայր լինելը բարդ և պատասխանատու, բայց միևնույն ժամանակ սուրբ առաքելություն է, քանի որ դառնում եմ սանիկներիս հոգևոր հայրը՝ ուղեկիցը։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Տ․ Դավիթ քահանային, բարեշնորհ Նարեկ Սարկավագին, Եկեղեցու հավատացյալներին, ովքեր նվիրվածորեն հոգացել էին Մկրտությանն անհրաժեշտ պարագաների համար, և Եկեղեցու Խաչքավորներին՝ հանձինս Վարդան Սամվելյանի, ով կազմակերպել էր հույրասիրություն նոր մկրտված զինծառայողների համար։
Շնորհակալ եմ այսպիսի անմոռանալի օր պարգևելու համար։ Օրացույցում ևս մեկ նշանակալից օր ավելացրի։
Օրհնյա՛լ մկրտություն, հարենիքի՛ պաշտպան զինվոր. Աստված պահապան, բազուկիդ՝ ու՛ժ, կամքիդ՝ արիությու՛ն, համբերությու՛ն․․․
Նյութը պատրաստեց՝ ՀՀ ՊՆ N Զորամասի զինծառայող Կնքահայր՝ շարքային Գևորգ Ղազարի Քոսյան։
Comments